Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ երկու նվագախմբային պիեսները՝ «Հիշողություն» լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» սիմֆոնիկ նվագախմբի համար:
Ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում։ Նշված ստեղծագործությունները պահվելու են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս նախաձեռնությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։
Ի դեպ‚ Կոմիտասի՝ նվագախմբի համար գրված բնօրինակ ստեղծագործությունները հանրությանն առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ընթացքում։